Շատիվանք կամ Շատիկ անապատ, Շատին վանք՝ ահա այս անուններով է հայտնի Վայոց Ձորի Շատին գյուղից 4կմ արևելք գտնվող վանքը: Վանքի մասին հիմնական տեղեկությունները մեզ են հասել Ստ. Օրբելյանի շնորհիվ: Նրա վկայությամբ վանքը կառուցել են 922թ. Աբաս Ա Բագրատունի թագավորի, Սյունյաց իշխան Սմբատի և Հակոբ եպիսկոպոսի օրոք:
Անվան ծագումը։ Շատին գյուղը տեղակայված է Եղեգիս գետի և ժայռերի միջև գտնվող նեղ տարածության վրա: Շատին գյուղի տարածքում նախկինում եղել են երկու այլ ավելի հին գյուղեր՝ Ոստինք և Անգեղի: Սակայն ինչպես գյուղի, այնպես էլ վանքի անվան դեպքում չկան որևէ տեղեկություններ: Կարող ենք միայն ենթադրել, որ վանքը պարզապես կոչել են գյուղի անունով:
Ստ. Օրբելյանը իր աշխատությունում նկարագրել է մի վանքի աշխարհագրական դիրքը և այլ ճարտարապետական ու կառուցողական մանրամասներ, սակայն վանքի անուն չի նշել: Տեղագրության բացատրությունում նա նշել է, որ վանքը գտնվում է Ոստինք գյուղի մոտակայքում: Իսկ երկու գյուղերի գլխին՝ արևելքից բարձրացող բարձրավանդակի վրա՝ Շատին վանքից բացի այլ հուշարձաններ չկան:
Ուստի միանշանակ պարզ է դառնում, որ Ստ. Օրբելյանը նկարագրել է հենց Շատիվանքը: Սակայն հետաքրքրական է նաև այն, որ պատմիչի՝ վանքի տեղագրության բացատրությունը, անում է Ոստինք գյուղի միջոցով, ինչից կարող ենք ենթադրել, որ Շատին գյուղն այդ շրջանում գոյություն չի ունեցել: Այս շղթայական հետևություններից պարզ է դառնում, որ գուցե Շատիվանք անունը ոչ թե համանուն գյուղի անունով են կոչել, այլ հակառակը:
Անկախ հետազոտող Տ. Մկրտչյանն իր «Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» նշում է, որ Շատիվանքը նույն Վերին Նորավանքն է: Նա նաև նշում է. «Հայտնի է, որ դեռևս 15-րդ դարի վերջերին Վերին Նորավանքում ապրել է Շատիկ անունով մի ճգնակյաց, որի անունով էլ, ամենայն հավանականությամբ, ժողովուրդը Վերին Նորավանքն անվանել է Շատիկի վանք»։
Պատմությունը։ Պատմիչ Ստ. Օրբելյանը վանքը կոչել է «խստակրոն, մեծահռչակ մշտնջենավորանոց»: Արդեն 17-րդ դարում նոր վանքի հիմնադիրը Հակոբ Ջուղայեցին էր: Նա թողնելով իր վաճառականի աշխարհիկ կյանքը, գալիս է Շատիվանք և դառնում վանքի կրոնավոր՝ իր միջոցները ներդնելով վանքի բարգավաճման համար: 17-րդ դարում վանքն ունեցել է 90 հոգուց բաղկացած միաբանություն, որոնց օժանդակությամբ Սարգիս եպիսկոպոսը Եղեգիս գետի վրա կառուցել է Ծատուրի կամուրջը (1666թ.):
Շատիվանքը եղել է նաև կրթական և գրչության կենտրոն՝ ունենալով դպրոց և գրատուն: Վանքում պահպանվող ձեռագրերի մեծ մասը պատկանում էին Հ. Ջուղայեցուն: Այս առումով նրա դերը վանքի կրթական կյանքում շատ մեծ էր: Արտադրական և մեծածավալ օժանդակ շենքերի քանակը, միաբանության մեծությունը խոսում են վանքի տնտեսական և հոգևոր կյանքի հզորության մասին:
Ճարտարապետություն։ Վանքի հուշարձանների մեծ մասը՝ սեղանատները, գոմերը, աղբյուրը, ջրաղացը, ցորենի հորերը, պատկանում են հին շրջանին (10-14-րդ դարեր): Շատիվանքն, ամենայն հավանականությամբ, ավերվել է 14-րդ դարում, քանի որ վանքի տարածքից գտնված արձանագրությունները, խաչքարերի բեկորների թվագրություններն ավարտվում են 14-րդ դարով:
Հայկական եկեղեցիներին և վանքերին՝ անկախ ժամանակաշրջանից, բնորոշ են եղել թաքստոցներն ու գաղտնուղիներ: Եվ Շատիվանքը նույնպես բացառություն չէ: Չնայած վանքից այժմ հիմնականում ավերակներ են մնացել, սակայն գաղտնուղին կարելի է նկատել:
Սբ. Սիոն եկեղեցի
17-րդ դարում՝1655թ. Շատիվանքի տեղում կառուցում են նոր Սբ. Սիոն եկեղեցին: Շատիվանքից պահպանվել են միայն Սբ. Սիոն եկեղեցու պատերի ստորին հատվածները, այսինքն հին վանքի ավերակները, պահպանված քարերը, օգտագործել են նոր վանքի կառուցման ժամանակ: Վանքի մնացած հատվածն ամբողջությամբ կառուցված է բազալտե քարերից:
Սբ. Սիոնը եռանավ բազիլիկ եկեղեցի է՝ կանգնած չորս հենասյուների վրա: Տանիքը երկթեք է, խորանը՝ կիսաշրջանաձև, որի երկու կողմերում տեղակայված են ուղղանկյուն ավանդատները: Եկեղեցին ունի ընդարձակ բակ, որը շրջապատված է պարիսպներով: Դրանք տեղ-տեղ ամրեցված են կիսաշրջանաձև բուրգերով:
Պարսպի հարավային հատվածում են պահպանվել հին շրջանի շինությունների ավերակները: Տարածված են եղել բնակելի և այլ երկհարկ շենքեր: Վերին հարկում տեղակայված են եղել կացարանները, իսկ առաջինում՝ խոհանոցը, մառանները: Սակայն օժանդակ շենքերի ավերակներ կան նաև պարսպի այլ կողմերում, որոնցից հնագույնը գտնվել է արևելյան հատվածում: Արևմտյան պարսպին կից՝ վանքի ընդարձակ ախոռներն են, որոնք վերանորոգվել էին 1739թ.: Պարսպից դուրս՝ հյուսիս-արևելյան կողմում գերեզմանատունն է, իսկ հարավ-արևելյան կողմում՝ ջրաղացի ավերակները: Այն կառուցված է ձորակի եզրին և ունի եզակի կառուցողական առանձնահատկություններ:
Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր
Արատես վանական համալիր
Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։
Հայտնի է, որ վանական համալիրը վերջին անգամ վերանորոգվել է 13-րդ դարում՝ 1270թ․։ Այդ մասին կա պահպանված նվիրատվական արձանագրություն, որի վկայմամբ վանքի առաջնորդ «նվաստ աբեղա» Հայրապետի հովանավորությամբ է կատարվել վերանորոգումը։
Ենթադրվում է, որ համալիրի հյուսիսային հատվածում կանգնած շինությունները վանական համալիրի առաջին կառույցներն են։ Ամենայն հավանականությամբ, այդ շինությունները կառուցվել են 7-րդ դարում։ Այդ հատվածում կանգնած է թաղածածկ մի եկեղեցի՝ հավանաբար Սբ․ Սիոն եկեղեցին, որի շուրջ կառուցվել են մատուռներ։
Վանական համալիրի երկրորդ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Այն գմբեթավոր եկեղեցի է, որը գտնվում է համալիրի հարավային հատվածում։ Եկեղեցու արևելյան հատվածին կից գտնվում ենք երեք ոչ այնքան մեծ մատուռներ, որոնց առջևի հատվածում հետագայում ավելացրել են նաև ավելի փոքր գավիթ-եկեղեցի։ Գավիթ-եկեղեցին հավանաբար Սբ Կարապետն է։
Վանական համալիրի գավիթներից մեկը, որը կառուցվել էր 13-րդ դարում վանքի առաջնորդ Հայրապետի հովանավորությամբ, առանձնանում է իր ճարտարապետական հորինվածքով։ Եվ Արատեսի վանք վանական համալիրը նշանավոր է հատկապես այդ գավթի լուծումներով։ Հայտնի է նաև, որ գավթի վարպապետ-ճարտարապետը եղել է Սիրանեսը։ Նա հայտնի է հատկապես իր Նորավանքում կատարած աշխատանքների շնորհիվ։
Պատմագիր Սբ․ Օրբելյանը 13-րդ դարի վերջին իր շուրջ է համախմբում սյունյաց թեմը և Նորավանքը դարձնում իր նստավայրը։ Իսկ քանի որ ամառներն այնտեղ շատ տոթ էին լինում, նա որոշում է Արատեսը դարձնել եպիսկոպոսական ամառանոց։ Ահա այդ որոշման շնորհիվ, վանքը բարելավվում է, իսկ վանքին նվիրաբերվում է 8 գյուղ։ Այսպիսով, Արատեսի վանքը 13-14-րդ դարերում եղել է կարևոր նշանակության հոգևոր կենտրոն։
Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն։ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա (ծովի մակերևույթից 2410մ)։ 5 կմ հեռավորության վրա 2829 մ բարձրություն ունեցող Արմաղան լեռն է։
Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ Օրբելյանների քարավանատունը հյուրընկալություն է առաջարկել ճանապարհորդներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Վարդենյաց լեռնանցքով։ Վերջինս Հայաստանի միջնադարյան բոլոր լեռնանցքներից լավագույն պահպանվածն է։
Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել է թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։
Ճարտարապետություն։ Կառուցվել է 1332 թվականին իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Միջնադարյան Հայաստանի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապետական արժեք։ 14-րդ դարի Հայաստանի համար ներկայացնում է նոր հորինվածք ու կառուցվածքային լուծում։
Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։ Հատկապես դա վերաբերվում է գլխավոր դահլիճի հատակագծին։ Դա 13x26մ ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի։ Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով[6]։ Երկարությունը 35,5մ է, տարածքը՝ 298 քառ.մ։ Ունի եռանավ դահլիճ՝ 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արևելյան մասում՝ ցուլ, արևմտյան մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։
Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից էր, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում։ Ճարտարապետները մտահոգ էին, որ շենքը գեղեցիկ տեսք ունենար մոտ հեռավորությունից, տարբերվեր հարևան կառույցներից և ուշադրություն գրավեր։ Այդ պատճառով ճակատի ձևավորումը դեկորատիվ միջոցներով կարևոր դեր ուներ։ Ճարտարապետները դիմում են շթաքարային բարձրաքանդակներին, որի կարկառունությունը յուրահատուկ նրբերանգ է տալիս՝ շնորհիվ լույսի և ստվերի խաղի։ Սելիմի քարավանատանը, այդպիսի աստիճանաձև զարդաքանդակով, հարդարված է սլաքաձև խորշը, մուտքի վերևում։
13-14-րդ դարերում, այժմյան Վայոց ձորի և Սյունիքի մարզերը պատկանում էին Սյունիքի իշխանությանը, որի տիրակալն էր Օրբելյանների տոհմը։ Վերջիններս Չինգիզ խանի թոռից ոչ միայն ետ են վերցնում իրենց հողերը, այլ նաև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես՝ շինարարությամբ։
Սելիմի քարավանատունը ավերվել է 15-16-րդ դարերում, հիմնովին նորոգվել է 1956-1959 թվականներին։ Ամբողջովին վերականգնվել է կտուրի սալածածկը, նորոգվել են հարավային պատը, ներսի խարխլված պատերն ու կամարները։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին։
Շենքի ճակատի երկու բարձրաքանդակները Օրբելյանների իշխանական տան զինանշաններն են։
Ավանդություն։ Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին։ Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը կոչվել է Սելիմի լեռնանցք, իսկ 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվում է Վարդենյաց լեռնանցք։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը։
Եկեղեցին կառուցել է Բագրատունյաց թագավորության շրջանում 984-1029 թթ․ կառավարման շրջանում։ Շրջակայքում կան ևս 2 եկեղեցիներ ավելի վաղ թվագրությամբ։ Գլխավոր եկեղեցին Սբ․Կարապետ եկեղեցին։ Այն վերանորոգվել է 2013 թվականին։
Կառուցվածքը։ Ցաղաց քար վանական համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200 մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը կառուցված են կոպտատաշ բազալտից և դասավորված արևելքում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառաբսիդ, չորս անկյուններում ոչ մեծ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Հարավից նրան կից է սյունասրահը, արևմուտքից՝ երկարավուն գավիթը, որի երկայնական պատերի ուղղությամբ տեղավորված են թաղածածկ խորշ-դամբարաններ։
Հյուսիսային ճակատի վերին մասում, ճակտոնապատին տեղավորված է առյուծի և ցուլի մենամարտ ներկայացնող պատկերաքանդակ՝ իր չափերով ամենամեծը հայտնի բոլոր պատկերաքանդակներից։ Լուսամուտների խորշերի և դեկորատիվ այլ ձևերում ակնհայտ է Սյունիքի ճարտարապետական դպրոցի ավանդական ձևերի կրկնումը, թեև առկա են նաև Անիի հուշարձաններին բնորոշ ձևեր։ Այս խմբի երկրորդ կառույցը երկհարկ դամբարան-եկեղեցին է, որի առաջին հարկն են կազմում թաղածածկ ոչ մեծ եկեղեցին և նրա արևմտյան կողմում տեղավորված քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և նրա երկու կողմերում տեղավորված խաչքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը։
Ըստ ճարտարապետական հորինվածքի՝ Ցաղաց քար վանական համալիրն անդրադարձն է դեռևս վաղ միջնադարում մշակված երկհարկ դամբարան-եկեղեցիների ձևերի, որտեղ որպես կանոն առաջին հարկը կազմում են դամբարանները, իսկ երկրորդ հարկը՝ աղոթարանները։ Առավել տպավորիչ են երկու մեծ խաչքարերը, որոնց ձևերում հնավանդ սկզբունքներին զուգահեռ առկա են նաև հետագա դարերում լայն տարածում գտած շատ տարրեր։
Ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:
13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի: Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը: Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:
Հյուսիսային և արևելյան մուտքերն անցնում են թաղածածկ սրահներով, որոնց տանիքներին տեղադրված են եղել դիտանոցներ: Ամրոցն ունեցել է ընդհանուր պատով բաժանված երկու միջնաբերդեր` արևմտյան և արևելյան, որոնք կառուցված են ամենաբարձր կետերում: Արևմտյան միջնաբերդը վատ է պահպանվել:
Սմբատաբերդ ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա:
Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:
Պատմական ակնարկ։ Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է, որ հիմնադրվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:
Եղեգիսի կիրճ / Սմբատաբերդ։ Իր գոյության ընթացքում Սմբատաբերդը բազմիցս պաշարվել է թշնամու կողմից, սակայն մնացել է անառիկ: Այս ամուր բերդը չի կարողացել գրավել նույնիսկ Նըսր արաբ զորավարը, 10-րդ դարի սկզբներին։
Կառուցվածքային առանձնահատկությունները։ Ամբատաբերդը հանդիսացել է Եղեգիսի միջնաբերդը` գրավելով դժվարամատչելի լեռնաբազուկի բարձրադիր գագաթամերձ մասը և ընդգրկելով ընդարձակ տարածություն: Ամրոցի հատակագիծը թելադրված է տեղանքի ռելիեֆի առանձահատկություններով: Ունի կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը` 3-5 մետրի: Պարիսպները շարված են բազալտի ճեղքված և կոփածո քարերով ու կրաշաղախով, բարձրությունը տեղ-տեղ անցնում է տասը մետրից, լայնությունը` երեքից հինգ մետր է:Կառուցված է երկարատև պաշտպանության համար՝ միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով:
Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: Ամրոցը պատնեշով բաժանվում է երկու մասի` հարավային և հյուսիսային: Երկուսն էլ ունեցել են միջնաբերդեր: Երկու հատվածներում էլ կան զորնոցների, ջրավազանների ավերակներ: Ունեցել է երեք մուտք` հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, որոնք շարված են բազալտի սրբատաշ քարերից: Ամրոցն ունեցել է ընդհանուր պատով բաժանված երկու միջնաբերդեր` արևմտյան և արևելյան, որոնք կառուցված են ամենաբարձր կետերում:
Ամրոցի ներսում` պարիսպներին կից, պահպանվել են ճեղքված բազալտե քարերով կառուցված բազմաթիվ շինությունների փլատակներ, զորանոցներ: Ամրոցի ջուրը բերվել է Ցաղաց քար վանքի շրջակայքից: Տեղացիների վկայությամբ այս ջրատարի կավե խողովակաշարի առանձին հատվածներ բացվել են Սմբատաբերդ և Ցաղաց քար հուշարձանների միջև ընկած տարածքից:
Սմբատաբերդը, շնորհիվ բացառիկ դիրքի, իր կարևորությունը պահպանել է նաև նորագույն շրջանում, երբ Վայոց ձորի ժողովուրդը կենաց մահու կռիվ էր մղում դարավոր ոսոխների` օսմանյան զորքերի և նրանց մոտենալուց ոգևորված հենց իր հողում բնավորված դրկից թշնամիների դեմ։
1918թ. մարտ-ապրիլ ամիսներին, թշնամին դիրքավորվելով Սմբատաբերդում, գրեթե մեկ ամիս շուրջօրյա կրակի տակ էր պահում բերդի ստորոտում գտնվող հայաբնակ Էրդափին (հին և Ներկա անունը` Արտաբույնք) գյուղը։ Հիշարժան է, որ Անթառամ անունով մի գեղջկուհի գիշերային հանդուգն հարձակում կազմակերպելով` կարողանում է թուրքերից հետ խլել բերդը և վերջ է տալիս գյուղի շրջափակմանը։
2006-2007 թթ. Սմբատաբերդի որոշ հատվածներում իրականացվել են վերականգնման աշխատանքներ:
Լուսանկարները՝ Սասուն Դանիելյանի
Սևաժայռ լեռը գտնվում է Վայոց ձորի մարզում, Սևաժայռ գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք: Լեռը հեռվից գրավում է իր ժայռոտ ռելիեֆով և անմատչելի թվացող տեսքով:
Սևաժայռ լեռ
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Երկարությունը՝ 25 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 2961 մ
Ամենաբարձր գագաթը՝ Քարկատար լեռ
Լեռներ Վայոց ձորի մարզի հյուսիս արևմտյան մասում: Սկսվում է Վարդենիսի լեռների Մկնասար գագաթից և ձգվում է հվ.-արլ., մինչև Արփա և Եղեգիս գետերի միախառնման տեղամաս: Ամենաբարձր գագաթը համանուն լեռն է: Լեռնաշղթան հս-արմ.-ից դեպի հվ-արլ. աստիճանաբար ցածրանում է: Բարձր գագաթներից են նաև Ցոլասարը (2772 մ) և Փարթամ լեռը (2681 մ):
Լեռնաշղթայի հարավահայաց լանջերից սկիզբ են առնում Արփա գետի վտակներ՝ Շրեշտը, Աղավնաձորը, Տափառուն: Հարավահայաց լանջերից՝ Եղեգիսի մի շարք վտակներ:
Լեռնագագաթը գտնվում է Վայոց ձորի մարզում, Հորս գյուղից 5 կմ արմ.: Քարկատարի հս.-արլ. լանջից է սկիզբ առնում Աղնջաձոր գետի աջ՝ Թառատուն վտակը, արլ. լանջից՝ մեկ այլ աջ վտակ Հորսը, հվ.-արլ. լանջից՝ Հորս գետի ձախ վտակ Թառաձորը, իսկ հվ. լանջից է սկիզբ առնում Ելփին գետի ձախ՝ Շրեշտ վտակը: Լեռան լանջերը զառիթափ են, ժայռոտ, ծածկված քարակույտերով:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Գողթանիկի քարանձավ հասնելու համար պետք է Եղեգիս գետի հոսանքին հակառակ շարժվել մոտ 2.1 կմ և աջ մասում արդեն նկատելի կլինի գետը հատող կամուրջը: Կամուրջի ձախ մասում 85 մ հարաբերական բարձրության վրա քարանձավն է, որն ունի 5 խորշ, որոնցից ամենամեծի խորությունը մոտ 9 մետր է: Քարանձավի բարձունքից բացվում է հրաշագեղ տեսարան` Եղեգիս գետի հովիտը: Քարանձավի տարածքում նկատվում են քարայծերի, արծիվների և այլ կենդանիների ու թռչունների ներկայության հետքեր: Մասնագետների կարծիքով հին ժամանակներում քարանձավը բնակեցված է եղել: Առայժմ հետազոտություններ և պեղումներ չեն կատարվել: Քարանձավից իջնելուց հետո, գետի հոսանքին հակառակ ճանապարհով պետք է անցնել ևս 1.3 կմ և հասնել Գողթանիկի ջրվեժին: Ջրվեժ չհասած, մոտ 120 մ հեռավորության վրա, 2012 թ. օգոստոսի դրությամբ, ընթանում է հիդրոէլեկտրակայանի շինարարություն: Ջրվեժին մոտենալու համար պետք է իջնել արահետով սարն ի վար, անցնել գետի ափի նեղ արահետով: Ջրվեժի բարձրությունը մոտ 12 մ է, որի ավազանում հնարավոր է լողալ: Երթուղու ընդհանուր տևողությունը մոտ 4 ժամ է։
Հորբատեղի գեյզերը գտնվում է Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում։ Այն բնական գազով ջուր է, որը բխում է գետնի տակից։ Այն շրջապատված է քարերով։ Գյուղի տեսարժան վայրերից մեկն է, որը բնակիչները «գռավ» են կոչում:
Կամուրջից դեպի աջ խորացող կիրճի մեջ Արատեսի ջրվեժն է` իր սառնորակ ջրով և բարձր թռիչքով: Ջրվեժը տեսանելի չէ կամրջից կամ ճանապարհից: Ճանապարհից դեպի ջրվեժի սկզբնամաս հասնելու ամենակարճ ճանապարհը հետևյալն է` կամուրջ չհասած, աջ կողմում գտնվող բացատից իջնել նեղ ծառուղով` մոտ 50 մ։ Իսկ ջրվեժի ներքևի մասում հայտնվելու համար գոյություն ունի մեկ այլ ուղի, որը առաջինից ավելի երկար է և դժվարանցանելի, սակայն միևնույն ժամանակ հետաքրքիր է և արկածային։
Facebook
Location on Google Maps
YouTube